Էն ո՞վ էր ասում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն չկա, բլեֆ է, նախընտրական «ջոկեր»-բան: Դե հա, էլ ո՞վ կասի, իհարկե՝ չարախոս, ռևանշիստ, պատերազմի հրձիգ ընդդիմությունը: Խնդրեմ՝ վերջին երեսունհինգ տարվա մեջ առաջին անգամ Ադրբեջանն ապրանք է ներկրել Հայաստանից։ Բերանով ե՞ս ասել: Ադրբեջա՛նը: Հայաստանի՛ց: Ապրա՜նք: Իրոք որ՝ ապրանք: Էն, էլի, ապրեցինք: Խաղաղությունը հո կոտոշով ու սմբակով չի՞ լինում, առուտուրով է լինում. կոտոշը տուր, սմբակը առ, կամ սմբակը տուր, կոտոշը առ: Տվողն էլ է գոհ, առնողն էլ, կոտոշներ ու սմբակներ մթերող կանտորան էլ:
Ընդդիմությունն է դժգոհ, թեև դրանք ինչից են գո՞հ, վեչնի բողոքավոր են, թողնես՝ ձվի մեջ մազ ման գան: Հիմա էլ են գտել իրենց ուզած «մազն» ու չարախնդում են, թե բա՝ ձեռ են առնում մեզ ադրբեջանցիք, 5,76 մլն դոլարի դիզվառելիք ու ցորեն են նաղդել վրեքս, 960 դոլարի ոչ էն է՝ կոտոշասմբակ, ոչ էն է՝ հոլանդական վարդեր են առել, անունն էլ դրել՝ վերականգնված առևտրաշրջանառություն:
Ի՞նչ ասես էս ընդդիմությանն ու դրանց թելը թելողներին: Չեն ուզում, որ խաղաղ ապրենք դուռ-դրկից հարևանի հետ, գնալ-գալ ունենանք, տանք-առնենք, հա, հենց թեկուզ 5 միլիոնի օգուտ տանք իրենց, մի հազար էլ մեր գրպանը դնենք: Բա հարևանությունը ո՞ր օրվա համար է, մինչև քեզ նեղություն չտաս, կողքինիդ լավություն չես անի: Իզուր ե՞ն ասում՝ ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ խաղաղություն:
Չէ, ո՞նց կլինի, իրենք հավասար առևտուր են ուզում, առուտուրը սրտներով չի:
Իրենք արժանապատիվ խաղաղություն են ուզում, գլուխը՝ դինջ, փորը՝ կուշտ ապրելը սրտներով չի: Հարևանին «սրտիկ» ցույց տալն էլ սրտներով չի, իրենցը դմբուզն է, չնայած, լավ էլ գիտեն, որ բզի գլխին գոմփով չեն խփում: Չեն թողնում երկրից ինչ մնա՝ մնա, ուզում են երկիրը երկիր մնա: Մի խոսքով, ջառմա են, ի՞նչ ընդդիմություն: Խելքը գլխին ընդդիմությունը խաղաղության բերած բարիդրացիական դիզվառելիքին վայիս կլինի՞:
Խնդրեմ, օրերս էլ դիզելով բեռնված վագոններ են ժամանել երկիր, հիմա դրանց առաջ «սրտիկդ» ո՞նց չփռես:
Լիլի Մարտոյան